Սույն թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն եւ արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը: «Գիտաժողովը նվիրված է մեր երկու երկրների, ժողովուրդների պատմական եւ ժամանակակից կապերին: Մեզ համար շատ կարեւոր է ունենալ գիտական կապեր Լեհաստանի հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ սա համատեղ 2-րդ գիտաժողովն է Երեւանում: Առաջին գիտաժողովի արդյունքն է եղել Վարշավայում հայ-լեհական համատեղ ժողովածուի հրատարակումը, որն  անդրադառնում է պատմության, իրավունքի եւ քաղաքագիտության ամենատարբեր խնդիրների: «Մենք որոշել ենք այդ ժողովածուն դարձնել շարունակական գիտական հրատարակություն: Հաջորդը լույս կտեսնի եկող տարի՝ Երեւանում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան նշեց, որ Լեհաստանը կարեւորում է Հայաստանի հետ կապերի խորացումը: Այս օրերին Հայաստանում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Լեհաստանը նախատեսում է իրականացնել Հայաստանին օգնության եւ աջակցության երկարաժամկետ ծրագիր 2021-2026թթ. համար, այդ նպատակով Լեհաստանի պատվիրակությունն այս օրերին շատ հանդիպումներ է ունենում:  «Մեզ համար շատ կարեւոր է այս գիտաժողովի իրականացումը, քանի որ մենք ուզում ենք ակտիվացնել հայ-լեհական հարաբերությունները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գիտական:  Հույս ունենք, որ գիտաժողովի ընթացքում կնախանշվեն նորանոր հետազոտությունների  քայլեր: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ ուսանողների, դասախոսների փոխանակումը»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաեւ Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Հայ եւ լեհ մասնագետները հանդես եկան 13 զեկուցումներով՝  նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին եւ այլն: