Չինաստանը չի ձգտում աշխարհում գերիշխող գերտերություն դառնալ ԱՄՆ-ի փոխարեն, այն միայն ցանկանում է միջազգային հարթակում պատշաճ դիրք զբաղեցնել: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք մտադիր չենք զբաղեցնել ինչ-որ մեկի տեղը, մենք միայն ձգտում ենք պատշաճ դիրք զբաղեցնել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանը «երբեք չի վերադառնա կիսագաղութային եւ կիսաֆեոդալ անցյալին»:

«Չինական երազանքը մեր ազգի մեծ վերածննդի մասին մտքերն են, այլ ոչ թե «հեգեմոնիայի երազանքը»»,- եզրափակել է նա:  

Նորագույն տեխնոլոգիաներ 

Սի Ցզինփինը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է ինտելեկտուալ սեփականության ոլորտում համագործակցի արտաքին աշխարհի հետ եւ այլ երկրների հետ կիսվի նորագույն մշակումներով:

«Նորարարությունները կենսական կարեւոր հարց են ժամանակակից աշխարհում, եւ դրանց պտուղները պետք է հասանելի լինեն գլոբալ մասշտաբներով: Չի կարելի թաքցնել դրանք: Վերջին շրջանում Չինաստանն ու ԱՄՆ-ը տարաձայնություններ են ունեցել՝ կապված նորարարական ոլորտում համագործակցության հետ: Կարեւորը երկխոսության ճանապարհով փոխըմռնման հասնելն է»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է խուսափի թշնամական տրամադրվածությունից:

Կայուն համագործակցություն

Իր հերթին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները շահագրգիռ են ԱՄՆ-ի հետ կայուն համագործակցության հարցում եւ պատրաստ են միավորելու ջանքերը գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար:

«Մենք շահագրգիռ ենք հակամարտության բացակայության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կառուցման հարցում: Մենք ձգտում ենք, որպեսզի երկխոսությունը, համագործակցությունն ու կայունությունն ընկած լինեն ԱՄՆ-Չինաստան շփումների հիմքում, որպեսզի մենք միավորենք մեր ջանքերը՝ պատասխանելու գլոբալ մարտահրավերներին»,- Վան Իի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը:

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի սառը պատերազմի տարիների արտաքին քաղաքականության մեթոդներից: «Վերջին շրջանում ԱՄՆ-ում առանձին առանցքային քաղաքական ֆիգուրներ ինտրիգներ են հյուսում, որպեսզի զրպարտեն Չինաստանին: Նրանք նաեւ փորձում են գլոբալ մասշտաբներով «կրակ վառել»՝ ձգտելով փոխել մեր երկկողմ կապերի ուղղությունը»,- նշել է նա:

Նա նաեւ ասել է, որ նման փորձերը որեւէ օգուտ չեն բերի ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Չինաստանին: