Հայաստանի բնական պաշարները եւ կենսաբազմազանությունը լուրջ խնդիրների են բախվում կայուն կառավարման մասին հանրության անբավարար իրազեկվածության, ինչպես նաեւ տեղամասերի միջեւ վատ համակարգման պատճառով: Այս մասին նոյեմբերի 22-ին Երեւանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կազմակերպած «Կենսաբազամազանության ինտեգրացված կառավարում. հիմնական ձեռքբերումները եւ քաղած դասերը» թեմայով միջոցառման ժամանակ ասաց տեղական ինքնակառավարման քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Աշոտ Գիլոյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է Հայաստանի Կառավարությանը եւ բնակչությանն աջակցել գտնելու Հայաստանի կենսաբազմազանության եւ էկոհամակարգի ավելի կայուն կառավարման նոր ռազմավարություններ: Պաշտոնյան նշեց, որ իրենց նախարարության կարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այս տարիներին վերականգնվել է 200 հա անտառ: Նա ասաց, որ նման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել, եւ հատկապես այն բնակավայրերում, որոնք տեղակայված են անտառների անմիջական մերձակայքում: «Այդ անտառը կարող է օգտակար լինել նույն բնակիչներին: Եթե նրանք պահպանեն անտառները, ապա հետագայում անտառային տնտեսությունը կկարողանա համայնքի բնակիչների համար բարի ծառայություն կատարել: Ժամանակի ընթացքում այդտեղ կձգտեն գալ զբոսաշրջիկները»,- պարզաբանեց Գիլոյանը:

Նշենք, որ միջոցառման ժամանակ ամփովել են «Հարավային Կովկասում կենսաբազմազանության ինտեգրացված կառավարում» ծրագրի 4-ամյա գործունեության արդյունքները, որի իրականացման համար այս տարիներին Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին հատկացվել է 27 մլն եվրոյից ավելի: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բնապահպանության եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ: GIZ-ն Հայաստանում աշխատում է 1990-ական թվականների սկզբից: