Թուրքիան ուսումնասիրում է Ս-400 զենիթահրթիռային համալիրների (Ս-400) եւ հինգերորդ սերնդի F-35-ների փոխգործակցության հարցը։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ս-400-ների տեղակայման գործընթացը Թուրքիայում շարունակվում է, ինչպես եւ թուրք զինվորական մասնագետների պատրաստումը Ռուսաստանում։ Ս-400-ների եւ F-35-ների համատեղելիության հարցն ուսումնասիրվում է։ Հույս ունեմ, որ այդ ջանքերը դրական արդյունք կբերեն»,- նրա խոսքերը մեջբերում է Անատոլիական գործակալությունը։

Աքարն ընդգծել է, որ Անկարան մռադիր չէ «հրաժարվել մի (զինատեսակից) հօգուտ մյուսի»։ «Անգամ եթե ռուսական համակարգերը զուգահեռ չաշխատեն F-35-ների հետ, մենք կգտնենք գործողությունների ամենահարմար բանաձեւը»,- ավելացրել է գերատեսչության ղեկավարը։

Թուրք նախարարը նաեւ հավաստիացրել է, որ հանրապետությունը «մտադիր չէ վերանայել ՌԴ-ի հետ Ս-400-ների պայմանագիրը։ «Այդ համակարգերը մարտական հերթապահության մեջ կմտնեն։ Ամեն բան ընթանում է նախատեսված պլանի համաձայն, թող ոչ ոք չկասկածի»,- նշել է Աքարը։