Երկրում քաղաքական գործընթաց է գնում, որի նպատակն է ապահովել իշխանափոխություն առանց ցնցումների: Այս մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ելույթ ունենալով Երեւանում ընթացող ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքում:

Միաժամանակ նա ընդծել է, թե վերջին մի քանի շաբաթներին նկատվում է, որ իշխանությունները համառորեն չեն ցանկանում կատարել ընդդիմության պահանջները: «Հետեւաբար մենք պետք է վճռական քայլերով ստիպենք երկրի իշխանություններին խելքի գալ»,- ասել է Զուրաբյանը` կոչ անելով երկրով մեկ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել:

Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ նշել է, թե այն, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց, առաջին մեղավորը իշխանություններն են: «Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում` շատ համարձակ առաջարկներով: Ցանկացած պահի մենք ապահովելու ենք անհրաժեշտ զանգվածը` իշխանափոխության համար: Համակվեք հույսով հավատով, քանի որ մենք մոտենում ենք մեր իղձերի իրականացմանը, շատ շուտով Հայաստանը ազատագրվելու է»,- ասել է նա: