Հռոմի քաղաքապետարանում քննարկում են սահմանափակել Տրեւի շատրվանի հարակից հրապարակ միաժամանակ այցելող զբոսաշրջիկների թիվը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Lonely Planet-ին։

Միջոցներից մեկը կարող է լինել տեսարժան վայրի շուրջ պաշտպանական արգելապատնեշը, որը թույլ չի տա ճանապարհորդներին նստել մարմարյա քարերին կամ թռնել ջրի մեջ։ Ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը արգելված են, սակայն, այնուամենայնիվ, կատարվում են։

Շատրվանի մոտ զբոսաշրջիկների թիվը սահմանափակելու երկրորդ միջոցը հրապարակ տանող հինգ փողոցներից յուրաքանչյուրում ոստիկանական պահակակետ դնելն է։

Նման միջոցառումները թույլ կտան ոչ միայն պահպանել ճարտարապետական գլուխգործոցը, այլեւ պաշտպանել քաղաքի հյուրերին գրպանահատներից, սելֆիի լավագույն տեղի համար վեճերից, ինչպես նաեւ վերջ կդնեն շատրվանի մոտ անօրինական կոմերցիոն գործունեությանը։