Ինտերնետ-օպերատորների արխիվների պահպանման հարցը պետք է լուծվի օրենքի, այլ ոչ թե Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշման մակարդակով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց  «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սահիյանը։ ՀԾԿՀ-ի որոշմամբ Հայաստանում գործող բոլոր պրովայդերները պարտավորված կլինեն երկու տարվա ընթացքում մի շարք տվյալներ պահպանել։

«Խոսքը մի IP-հասցեն մյուսին միացնելու տեղեկատվության մասին է, միացման տվյալների եւ ժամանակի, սեսիայի տեւողության մասին։ Սեսիայի բովանդակության մասին տեղեկատվության պահպանում չի նախատեսվում, արձանագրվում է միացման փաստը»,- հայտարարեց նա ՝ հավելելով, որ ձեւականորեն պրվայդերներին վերաբերող որոշումն իրականում առնչվում է բոլոր քաղաքացիներին։

ՀԾԿՀ-ի մակարդակով հարցի կարգավորումն անընդունելի է

Սահիյանի խոսքերով, ՀԾԿՀ-ն յուրատեսակ կառույց է, քանի որ ունի միաժամանակ հետաքննելու, դատելու եւ պատժելու իրավասություններ։ «Որեւէ նման բան եվրոպական մշակույթը չի տեսել։ Սակայն ինչո՞ւ է դա թույլ տրվել։ Որովհետեւ բոլոր այդ իրավասությունները ՀԾԿՀ-ն կիրառում է սահմանափակ թվով սուբյեկտների հանդեպ, որոնց լիցենզիա է տրամադրվել։ Այսինքն այդ գործառույթները պետք է տարածվեն սահմանափակ թվով խաղացողների վրա։ Իսկ արխիվների պահպանման մասին որոշումը թեեւ ձեւականորեն վերաբերում է օպերատորներին, այն առնչվում է մեզ բոլորիս»,- հայտարարեց նա։ Այդ պատճառով որոշումը պետք է ընդունվի օրենսդրական մակարդակով, իսկ դրա իրականացման մեխանիզմները պետք է մանրամասն մտածվեն եւ քննարկվեն ինչպես հասարակության, այնպես էլ խորհրդարանականների կողմից։

Որոշման իրականացումը կարող է հանգեցնել հայկական պրովայդերների հանդեպ միլիոնանոց տուգանքների կիրառմանը

Տվյալ որոշման առավել խոցելի կողմերից մեկը արխիվների պահպանման որեւէ ստանդարտների բացարձակ բացակայությունն է, նշեց Սահիյանը։ Նա ընդգծեց, որ այս որոշման գաղափարը ազգային եւ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության մեջ է, սակայն առանց այս տվյալների պահպանման հանդեպ հստակ պահանջների բավարարման դրանք կարող են ում ձեռքն ասես ընկնել։ Սահիյանը նշեց, որ Եվրոպայում գործում է տվյալների պաշտպանության GDPR ընդհանուր կանոնակարգ։ Կանոնակարգը խախտելու դեպքում օպերատորները տուգանվում են 20 մլն եվրոյի կամ շրջանառության որոշակի տոկոսի չափով։ Հայաստանում նախատեսված չէ տվյալների պաշտպանության որեւէ կանոնակարգ, իսկ դա նշանակում է, որ տվյալները կարող են հայտնվել երրորդ կողմի ձեռքում։ Իրերի նման դրությունը կարող է հանգեցնել տեղացի օպերատորների համար նշանակալի բարդությունների, քանի որ եթե եվրոպացու պահպանված տվյալները չպաշտպանվեն եւ հայտնվեն ոչ այն ձեռքերում, հայ պրովայդերը կարող է տուգանվել եվրոպական ստանդարտներով, իսկ դա մոտ 20 մլն եվրո է։ Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես կարելի է ապահովել տվյալների պաշտպանությունը՝ Սահիյանը նշեց, որ կարիք չկա նորից հեծանիվ հորինել, պետք է օգտվել GDPR-ի դրույթներից, սակայն դա էլ է հղի խնդիրներով։

Խնդիրն այն է, որ ոչ բոլոր ինտերնետ-օպերատորները կկարողանան իրենց թույլ տալ համապատասխանել այդ ստանդարտներին։ «Եթե խոշոր պրովայդերների համար դա այնքան էլ խնդրահարույց չի լինի, ապա մանր ընկերությունները, որոնք ոչ մեծ ցանց ունեն, կբախվեն լուրջ խնդիրների հետ»,- հայտարարեց Սահիյանը։ Նա նշեց, որ հնարավոր է՝ արխիվների պահպանման պահանջներ պետք է առաջադրվեն միայն խոշոր խաղացողներին։ Հիշեցնելով, որ Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել ինտերնետի ազատության վարկանիշներում, Սահիյանն  ընդգծեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այնպիսի որոշումներից, որոնք կարող են վնասել երկրի վարկանիշին։

ԱԱԾ «Սեւ արկղերը»․ Հատուկ ծառայությունները քաղաքացիների ինտերնետ ակտիվության մասին տվյալներ ունեն արդեն այսօր

ՀԾԿՀ որոշումը դառնում է անիմաստ՝ մանավանդ հաշվի առնելով Հայաստանում գոյություն ունեցող իրականությունը։ «Հայաստանում գործում է ԽՍՀՄ-ից ժառանգած մոդել՝ պրովայդերների մոտ տեղադրվում են «սեւ արկղեր», որոնց լարերը տանում են դեպի հատուկ ծառայություններ։ Օրենքով նման գործողությունները որեւէ կերպ չեն կարգավորվում։ Մենք չգիտենք ոչ ինչ սարքեր են դրանք, ոչ ինչ ծրագրային ապահովություն է գործում»,- հայտարարեց Սահիյանը։ Նա նշեց, որ ՀԾԿՀ որոշումը որեւէ իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե հատուկ ծառայությունները մտադիր են այդ սարքերը հանել, հակառակ դեպքում կարիք չկա ստիպել օպերատորներին պահպանել այն, ինչը նրանց արդեն հայտնի է։

Սրա հետ մեկտեղ, 2017 թվականից գործում է ՀԾԿՀ-ի մեկ այլ որոշում, որի համաձայն երկու  տարվա ընթացքում բջջային կապի օպերատորները պահպանում են տվյալներն այն մասին, թե որ համարից եւ որ համարին են զանգահարել բաժանորդները, նաեւ գրանցվում է ամսաթիվն ու ժամանակը, ինչպես նաեւ խոսակցության տեւողությունը, առանց բովանդակության։ Սակայն դե-ֆակտո պահպանվում է նաեւ ինտերնետի օգտագործման տեղեկատվությունը։ «Կատարեք փորձ, դիմեք ձեր բջջային կապի օպերատորին եւ փորձեք ստանալ տվյալներ այն մասին, թե ինչ կայքեր եք դուք այցելել վերջին ժամանակներս, ձեզ այդ տեղեկատվությունը կտրամադրվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման կարգի տեղեկատվությունը պահպանվում է առնվազն 3 ամիս։

ՀԾԿՀ որոշումը շատ շուտով կկորցնի բոլոր իմաստները՝ շուտով պահպանելու բան չի լինի

Սահիյանի խոսքերով՝ ինտերնետի զարգացումը շատ շուտով կհանգեցնի նրան, որ կարգավորման նման մեխանիզմներն անիմաստ կլինեն։ «Այս տարվանից սկսվել է DNS-over-HTTPS (DoH) արձանագրության նոր գործարկումը, որի լայնամասշտաբ օգտագործման դեպքում օպերատորի մոտ կմնա միայն մեկ տեղեկատվություն՝ կոնկրետ IP-հասցեից մտել են Google։ Դրանից հետո Google-ը կկազմակերպի պաշտպանված միացում այդ IP-հասցեին, որին ուզում է միանալ օգտատերը։ Ոչ ոք չի կարող գաղտնազերծել այդ կոդավորված միացումը»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Мozilla-ն նույնպես աշխատում է այդ ուղղությամբ։ Այլ խոսքերով ասած՝ կգա պահը, երբ արխիվացնելու ոչինչ չի լինի, ասաց նա։