Թուրքիան հրաժարվել է աջակցել Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ՆԱՏՕ պլանին, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ արգելափակել են մեկ այլ փաստաթուղթ, որում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) սիրիական քրդական կազմավորումները հիշատակվել են որպես Թուրքիայի ազգային անվտանգությանն սպառնացող ուժ։ Այս մասին տեղեկացրել է Hürriyet Daily News թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Թուրքիային անդրադարձող պլանը չի հրապարակվել, ապա մենք թույլ չենք տա որեւէ այլ (փաստաթղթի հրապարակում)։ Այն (երկրները), որոնք մեզ խնդրել են ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ հրապարակել Բալթիայի գծով պլանը, պետք է նման ըմբռնում ցուցաբերեն այս փաստաթղթի հանդեպ»,- պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

Hürriyet Daily News-ը նշում է, որ պետություններից մեկը, որը չի աջակցել ԺԻՈւ հիշատակմամբ փաստաթղթին, Միացյալ Նահանգներն էր։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փորձում է կարգավորել ստեղծված իրավիճակը մինչեւ դաշինքի գագաթաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին։ «Գլխավոր քարտուղարը ձգտում է (բոլոր կողմերի հետ) գտնել ընդհանուր լեզու։ Մենք տեղեկացրել ենք առաջարկությունը դիտարկելու մեր պատրաստակամության մասին»,- ավելացրել է նա։

Այնինչ, թուրքական իշխանությունները ներկայում այդպես էլ պաշտոնական մեկնաբանություններ չեն ներկայացրել վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ Անկարան ԺԻՈւ-ն համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղը։ Թուրքիայի ԶՈւ-ն այս տարվա գարնանն իրականացրեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը Աֆրինի տարածքում՝ Հալեպից 65 կիլոմետր հեռու, քրդական «Ժոողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների դեմ։ Հոկտեմբերին հանրապետությունը եւս մեկ անդրսահմանային գործողություն կատարեց՝ «Խաղաղության ակունք», Եփրատ գետից արեւելք, որի ընթացքում Անկարան կռվում էր ԺԻՈւ-ի դեմ։ ԱՄՆ-ը, իր հերթին, վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է քրդական կազմավորումների հետ Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով։ Թուրքիան բազմիցս դժգոհություն է հայտնել  անդրօվկիանոսյան գործընկերոջ նման գործողությունների առիթով եւ կոչ է արել դադարեցնել համագործակցության այդ ձեւաչափը։

Անկարայի մերժումը

Ավելի վաղ երեքշաբթի Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշինքի բարձրաստիճան 4 աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են աջակցել «ռուսական սպառնալիքից» Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ Հյուսիսատլանտյան դաշինքը Անկարային քաղաքական աջակցություն չի ցուցաբերել Սիրիայի հյուսիս-արեւելքում Քրդստանի բանվորական կուսակցության անդամների դեմ օպերացիայում: Աղբյուրների խոսքով՝ Անկարան երկրի ներկայացուցչին կարգադրել է չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում ՆԱՏՕ-ն օգնություն է տրամադրում Լեհաստանին, Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում: Անկարան նաեւ կարգադրել է տարբեր հանդիպումների եւ խորհրդակցությունների ժամանակ դաշինքի անդամների վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջիններս ՔԲԿ-ն ահաբեկչական ճանաչեն: Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի համաձայնության բացակայությունը կարող է զգալիորեն դանդաղեցնել  տվյալ ծրագրի ընդունման հետ կապված իրավիճակը:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Անկարայի նման գործողությունները «կործանիչ են», այն դեպքում, երբ դաշինքը փորձում է ուշքի գալ ՆԱՏՕ-ի հասցեին ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների քննադատությունից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել է դաշինքի «ուղեղի մահվան» մասին:

Բալթյան երկրների համար ՆԱՏՕ-ի ծրագիրը

Ռուսաստանի գործողությունների Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ծրագիրը, որը կազմվել է 2014 թվականին Ռուսաստանի եւ Ղրիմի միացման կապակցությամբ, ուղիղ կապ չունի Սիրիայում Թուրքիայի քաղաքականության հետ, սակայն բարձրացնում է հարցեր՝ կապված ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմանների պաշտպանության հետ՝ նշում է գործակալությունը: Ծրագրի ընդունման մասին որոշումը պետք է հնչեցվի դաշինքի գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին, եւ ՆԱՏՕ-ի անդամները հույս ունեն, որ Անկարայի հետ այդ հարցով փոխզիջման կհասնեն:

ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակությունը, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում տեղեկությունը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ մեկնաբանելով ծրագրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, հայտարարել է, որ բոլոր դաշնակիցների պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցով դաշինքի դիրքորոշումն անփոփոխ է: