Անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն իշխանության համար կարեւոր հակակշիռ են: Այս մասին նոյեմբերի 29-ին «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների եւ իրավունքների ընդլայնման միջոցով դրական փոփոխությունները» ծրագրի փակման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը Եվրամիության քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, որպեսզի այն կարողանա ադեկվատ արձագանքել պրոցեսներին:

«Միշտ հեշտ է քննադատել եւ դժվար է մշակել զարգացման համատեղ ռազմավարություն, ձեւավորել սպասվելիք արդյունքը, ինչը շատ կարեւոր է ակտիվ ժողովրդավարական հասարակության համար: Անկախ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության աշխատանքը շատ կարեւոր է նաեւ իշխանությունների համար, քանի որ նրանք կարող են օգնել պարզելու խնդիրները, որոնք կարող էին բաց թողնել լիազորված մարմինները»,- պարզաբանել է նա:

Վիկտորինը նկատել է, որ հաճախ դժվար է իշխանություններին հասկացնել տվյալ ինստիտուտների կարեւորության մակարդակը, սակայն Հայաստանում անհրաժեշտ կապերի հաստատման դրական դինամիկա է նկատվում:

Նրա խոսքով՝ դժվար է աշխատել այն իշխանությունների հետ, որոնք ձգտում են ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, քանի որ տվյալ դեպքում պետք է ոչ թե պարզապես քննադատել, այլ խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել:

Նա գոհունակություն է հայտնել անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացների վերաբերյալ եւ հավելել է, որ քաղաքացիական հասարակությունն իր ներդրումն է ունեցել այդ ինստիտուտի կայացման գործում:

«Քաղաքացիական հասարակությունը մշտապես ձգտում է օպերատիվ արդյունքների, սակայն անհրաժեշտ է ամեն ինչ օբյեկտիվորեն գնահատել, անհրաժեշտ է զարգացման ռազմավարություն մշակել ուշադիր եւ մտածված»,- եզրափակել է Վիկտորինը: