Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին ուրբաթ հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին՝ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես մտադիր եմ հրաժարականի դիմում ներկայացնել (խորհրդարանի) Ներկայացուցիչների խորհուրդ»,- վարչապետին մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել է այն ձգտմամբ, որ «չի ցանկանում թույլ տալ, որ «Իրաքը գլորվի բռնության ու քաոսի անդունդը»։

Բողոքի ակցիաներն Իրաքում չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ քաղաքների փողոցներ սկսեցին դուրս գալ մարդիկ, որոնք դժգոհ էին կյանքի պայմանների վատացումից, երիտասարդության գործազրկությունից եւ կոռուպցիայից։ Գրեթե ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով։ Ընդվզողները պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վերջին տվյալներով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է ավելի քան 400 մարդ, ավելի քան 15 հազար մարդ տուժել է։