Latin NCAP ընկերությունը, որն անցկացնում է Հարավային Ամերիկայի շուկայի համար ավտոմեքենաների քրաշ-թեստեր, ջարդել է Mitsubishi L200 պիկապը: Թեստերի արդյունքում այն ստացել է հինգ հնարավորից զրո աստղ, գրում է Մոտոր-ը:

Հարավային Ամերիկայի համար նախատեսված պիկապը տարբերվում է մոդելներից, որոնք մատակարարվում են մնացած շուկաներին: Օրինակ՝ դրա բազային կոմպլեկտավորման մեջ չկան անգամ անվտանգության բարձիկներ, ինչն արդեն լրջորեն բարդացնում է թեստերի անցկացումը:

64 կմ/ժ արագության դեպքում ճակատային հարվածից ավտոմեքենան զգալի չափով դեֆորմացվել էր, ինչը երեւում է թեստի տեսանյութում: Latin NCAP-ի ներկայացուցների խոսքով, եթե արագությունը լինի ավելի մեծ, թափքը պարզապես կկորցնի ամբողջականությունը:

Սենսորներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հարվածի ժամանակ վարորդի՝ ողջ մնալու շանսերը գրեթե բացակայում են ավտովթարի դեպքում, իսկ ուղեւորը կարող է ստանալ շատ լուրջ վնասվածքներ: Իսկ երեխայի անվտանգությունը գնահատել են երկու աստղ Isofix ամրակցումների շնորհիվ:

Mitsubishi-ի լատինաամերիկյան գրասենյակը խոստացել է 2020 թվականի գարնանն ավելացնել անվտանգության դիմային բարձիկներն ու ամրագոտիները բազային կոմպլեկտավորման կազմում: Սակայն NCAP-ում հայտարարել են, որ դա բավարար չէ թեստերը վերահանձնելու համար. ընկերությունը նաեւ ստիպված կլինի համալրել պիկապը կայունացման համակարգով եւ բարելավել հետիոտների անվտանգությունը: