Համապետական ընտրություններին Արցախում գործող քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը չենք բացառում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ օրենքով սահմանված թեկնածուների եւ կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման ժամկետները, ԱԺԿ-ն պատրաստ է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը շարունակել:

«Կուսակցությունն այսօր կայացած համագումարում արդեն իսկ ներկայացրել է իր որոշումը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական ընտրություններին նույնպես ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու: Կարծում եմ՝ այս ամենով հանդերձ պետք է կարողանանք ուշադրության կենտրոնում պահել բոլոր այն հնարավոր համագործակցության հարցերը, որոնք կարող են մեր երկիրը դարձնել ավելի ուժեղ: Եվ գալիք ընտրությունների արդյունքում պետք է ունենանք ավելի համախբված երկիր»,- նշել է ԱԺԿ նախագահը:

Անդրադառնալով հայաստանյան իշխանությունների հետ համագործակցությանը՝ Ա. Ղուլյանն ասել է, որ այս տարիների ընթացքում փորձել են կատարելագործել հայկական երկու հանրապետությունների միջեւ առկա հարաբերությունները:

«Որպես նախընտրական ծրագրի կարեւոր դրույթ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձեւով է ներկայացնելու Արցախի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերությունները: Վստահ եմ՝ բոլորի մոտ էլ լինելու է այն մոտեցումը, որ երկու հայկական հանրապետությունների միջեւ կարող են լինել միայն ամենաջերմ եւ բարձր աշխատանքային հարաբերություններ: Համոզված եմ, որ այդ համագործակցությունն առաջիկա տարիներին լինելու է ավելի արդյունավետ եւ գտնվելու է բարձր մակարդակի վրա»,- ավելացրել է Ա. Ղուլյանը: