Սովորաբար հարսանեկան լուսանկարիչները բավարար հոնորար են ստանում նորապսակներին լուսանկարելու դիմաց, սակայն այս եզակի դեպքում դա բնավ այդպես չէր, հաղորդում է Fox News-ը:

Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է սարսափելի պատմությունն այն մասին, թե ինչպես են հարսնացուն եւ նրա բարեկամները երկար ժամանակ ահաբեկել լուսանկարչին՝ փորձելով ստիպել նրան հարսնացուին վճարել իր իսկ հարսանեկան նկարների համար:

Սկզբում լուսանկարիչը հրաժարվում էր՝ փորձելով պայմանավորվել հոնորարի մասին, այնուհետեւ առհասարակ որոշել էր չլուսանկարել:

Սակայն հարսնացուն եւ նրա ընտանիքը պնդում էին՝ ուղարկելով նրան հարյուրավոր հաղորդագրություններ եւ զանգահարելով ամեն օր:

Այդ ժամանակ լուսանկարիչը որոշել էր, որ եթե նա համաձայնվի շարունակել աշխատել անվճար հիմունքով, հնարավոր է, ամեն ինչ անցնի, սակայն դա բոլորովին իրականությանը չէր համապատասխանում: Հարսնացուն շարունակում էր պնդել, որ իրեն վճարեն սեփական լուսանկարների համար: Եւ լուսանկարիչը համաձայնվել էր՝ որոշելով առհասարակ հարսանիքին չգնալ:

Նախքան պսակադրության օրն ամեն ինչ խաղաղ էր: Սակայն հարսանիքի օրը, երբ հարսնացուն երեւի թե հասկացել էր, որ լուսանկարիչը չի գալու, զանգերի եւ կարճ հաղորդագրությունների տեսքով ահաբեկչությունը շարունակվել էր:

Բեկումնային էր պահը, երբ դժբախտ լուսանկարչի տան մոտ էր ժամանել հարսնացուի հայրը եւ հայհոյելով թակել դուռը:

Լուսանկարիչը չէր բացել դուռը, եւ հարսնացուի հայրը ստիպված էր հեռանալ: Սակայն երբ հետապնդումը շարունակվել էր, իր տիկնոջ պնդմամբ նա դիմել էր ոստիկանություն:

Ե՛ւ հարսնացուն, ե՛ւ հայրը ձերբակալվել էին:

Լուսանկարիչը պատմել էր, որ այլեւս հարսնացուի բարեկամները չէին զանգել:

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, սակայն նահանգի ոստիկանությունը կհետաքննի այդ գործը»,-ամփոփել է լուսանկարիչը, որի սարսափազդու պատմությունը բուռն արձագանքի է արժանացել սոցցանցի օգտատերերի շրջանում: