Ադրբեջանի համար Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի եւ Եվրասիական տնտեսական միության դռները փակ չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով՝ միայն Հայաստանը կարող է դեմ լինել, բայց չի բացառվում, որ ինչ-որ անդրկուլիսյան բանակցությունների միջոցով, որոնք վերջին ժամանակներս հաճախակիացել են հայ-ադրբեջանական գործընթացներում, հաջողվի նստել բանակցությունների ընդհանուր սեղանի շուրջ որոշ հարցերի վերաբերյալ։

«Սա բացառել չի կարելի, եւ խոսքը միայն ղարաբաղյան հակամարտության մասին չէ։ Իրավիճակը Մերձավոր Արեւելքում խորանում է, անհանգստացնում է նաեւ իրավիճակն Իրանի շուրջ, որը վերջնարդյունքում կարող է «խզվել», ինչպես դա տեղի ունեցավ Իրաքի հետ։ Բացի այդ, թուրքերը կարող են կորցնել հարավարեւելյան տարածքների վերահսկողությունը, որտեղ ապրում են քրդերը։ Պատահական չէ, որ Ռուսաստանը ձեռնարկել է Գյումրիում ռազմակայանի ամրապնդման քայլեր, դա կապված է հենց այդ գործընթացների հետ»,- նշել է նա։

Քաղաքագետը չի բացառել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է դառնալ ոչ ամենագլխավորը տարածաշրջանում։

«Ռազմական հակամարտությունների հետեւանքով կարող է սկսվել փախստականների հսկայական հոսք թե՛ Ադրբեջան, թե՛ Ղարաբաղի շուրջ տարածքներ, որոնք վերահսկվում են հայկական կողմից, ինչն անհնար կլինի կանգնեցնել։ Այս գործոնը կարող է էական դեր խաղալ որոշումներ կայացնելիս»,- եզրափակել է նա։