Վառելիքի շարունակվող աճի դեպքում Իրանը մեկ տարի հետո կարող է դառնալ բենզին ներմուծող: Այս մասին երեքշաբթի հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Եթե վառելիքի սպառման աճը շարունակվի, ապա մեկ տարի հետո մենք կրկին կդառնանք բենզին ներմուծող,- Իրանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա: - Ինքնաբավությունը պահպանելու եւ բենզինի սպառումը վերահսկելու համար ընդունվել է քվոտաներ սահմանելու եւ վառելիքի գները բարձրացնելու ծրագիր»:

«Այս նախաձեռնության շնորհիվ ստացված 310 տրլն իրանական ռիալը (մոտ 2,5 մլրդ դոլար) կհատկացվի հասարակության խոցելի շերտերի օգնությանը»,- նշել է նա:

Իրանի տնտեսական իրավիճակը սրվել էր 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի դեմ պատժամիջոցներին վերադառնալուց հետո: Նավթի արտահանման վաճառքից բյուջե մուտքերի կրճատման ֆոնին Իրանի իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի մեկ լիտրի գինը մինչեւ 30 հազար ռիալով (մոտ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստացի նշանակում է վառելիքի  արժեքի եռակի աճ: Դրանից բացի, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդուն 60 լիտր՝ 15 հազար ռիալ գնով (0,1 դոլար):

Այս որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցեր, որոնք վերաճեցին ոստիկանների հետ բախումների: Ցուցարարները հրկիզում էին բանկերն եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են կատարվել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան, արտասահմանյան լրատվամիջոցների տվյալները տատանվում են մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ: