Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել խտրականության եւ իր պաշտպանյալի քրեական հետապնդման դադարեցման մասին։

Փաստաբանը հիշեցրել է երկրի նոր իշխանությունների հռչակած ժողովրդավարական սկզբունքների մասին, ընդ որում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մեջբերումներ է կատարել։ Քանի որ մեջբերումներն ուղղակի կապ չեն ունեցել միջնորդության հետ, տուժածները առարկել են։ Փաստաբանը պարզաբանել է, որ նպատակ ուներ իրավական պետություն կառուցելու մտադրության օրինակներ բերել։

Փաստաբանը հիշեցրել է, որ իր պաշտպանյալին մեղսագրվող հոդվածն ընդդունվել է ենթադրյալ արարքից մեկ տարի հետո։ «Քրեական գործի 300.1 հոդվածի մասով պետք է դադարեցվի նաեւ հետապնդումը, քանի որ արարքը դրա կատարման պահին չի որակվել որպես հանցագործություն»,- ընդգծել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ մեղադրյալի վիճակը վատացնող օրենքը հակադարձ ուժ չունի։

Փաստաբանը հիշեցրել է դատախազներ Բաղդասարյանի եւ Պետրոսյանի հայտարարություններն այն մասին, որ մեղադրյալներին ներկայացվել են մեղադրանքներ նաեւ հին 300 հոդվածով։ «Դա չի համապատասխանում իրականությանը, եւ այդ հանգամանքին չկա ոչ մի հղում այդ թվում մեղադրական եզրակացությունում։ Էլ չեմ ասում այն մասին, որ նոր հոդվածը նախատեսում է այլ հանցակազմ»,- նկատել է Կարեն Մեժլումյանը՝ ավելացնելով, որ իրեն, ինչպես եւ մյուս փաստաբաններին պարզ չէ մեղադրանքի էությունը, ինչպես եւ այն, թե երբ է վերականգնվել սահմանադրական կարգը, եթե իսկապես այն խախտվել էր։ Նրա խոսքով՝ այդպես էլ պարզ չէ, թե կոնկրետ որն է մեղադրանքը, որ պահից է տեղի ունեցել սահմանադրական կարգի տապալումը։