Ճապոնական ոստիկանությունը կալանավորել է «Կոբե Յամագուտի-գումի» յակուձա խմբավորման պարագլուխներից մեկին՝ մրցակցող հանցավոր միավորման զինյալին սպանելու փորձ կատարելու կասկածանքով: Քննության տվյալներով՝ 60-ամյա Հիրոձի Նակատան օգոստոսի վերջին փորձել էր գնդակահարել պրոֆեսիոնալ գանգստերին, որ ծանր վիրավորվել էր, այսօր հայտնել է NHK հեռուստաալիքը: Միջադեպը տեղի էր ունեցել Կոբե նավահանգստային քաղաքի փողոցներից մեկում, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում միմյանց թշնամի յակուձա կլանների միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլին այնտեղ «Կոբե Յամագուտի-գումիի» զինյալը դանակահարվել էր եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել: Հոկտեմբերին նույն խմբավորման 2 անդամ Կոբեում զոհվել էին փոխհրաձգության ժամանակ:

Բանդիտական երկպառակությունը ծավալվել է այն բանից հետո, երբ 2015 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում գլխավոր գանգստերական «Յամագուտի-գումի» սինդիկատից հրաժարվել էր նրա անդամների մեծ մասը, որոնք կազմավորել էին ինքնուրույն միավորում «Կոբե Յամագուտի-գումին»՝ մոտ 3 հազար անդամներով: Այս խմբավորումներից յուրաքանչյուրը հավակնում է Կոբե քաղաքում եւ Հոնսյու կղզու ամբողջ հարավ-արեւմուտքում առաջնորդության: Ոստիկանության տեղեկություններով՝ «Յամագուտի-գումիի» անդամների թիվը հիմա կազմում է մոտ 9,5 հազար մարդ: