Ես Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ»  թեմայով համաժողովին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիևան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է՝ մուղամ լսել Ղարաբաղում: Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է դա գրել: Ես հիմա Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, և նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը: Կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրը, Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը: Սա, իսկապես, հրավեր է, և եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաև ինքս լինել Բաքվում և հյուրընկալվել իրենց կողմից: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Եվ եթե նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-ասաց նա:

Աննա Հակոբյանը շեշտեց՝ իր հրավերը լուրջ է․ «Այսինքն՝ եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում են Ղարաբաղում մուղամ լսել, ապա դրան հասնելու մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր՝ փոխադարձ այցերն են, որ ինչպես իրենք Ղարաբաղում թեյ խմեն և մուղամ լսեն, վայելեն այնտեղի բնությունը, այնպես էլ, վաստահ եմ, Ղարաբաղի ժողովուրդը կուզենա լինել Բաքվում: Սա ռեալ է, ֆանտազիայի շարքից չէ: Ուզում եմ ասել, որ իմ հրավերը լուրջ հրավեր է»։

Նա նաև հավելեց, որ ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը․

«Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական և ֆինանսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել»,-նշեց նա։

Աննա Հակոբյանը նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել Մեհրիբան Ալիևային հրավիրելով Արցախ և պնդել՝ իր հրավերը լուրջ է։