Նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը ստեղծել է Escobar Fold 1 սմարթֆոնը, որն ըստ նրա «կփոխարինի iPhone-ին», հաղորդում է FoxNews-ը։

Medellín նարկոկարտելի նախկին հաշվապահ Ռոբերտո Էսկոբարը հավաստիացնում է, որ ինքը կհաղթի Apple-ին։ Escobar Fold 1-ը վաճառվում է 349 դոլարով։ Դա ծալվող սմարթֆոն է, որը հեշտությամբ վերածվում է պլանշետի։ Էսկոբարը հավաստիացնում է, որ իր հեռախոսը չի կոտրվում։ «Իմ հեռախոսը չի կարող կոտրվել, քանի որ դրա էկրանն ապակուց չէ, ինչպես Samsung-ինը»,- ասել է Էսկոբարը Digital Trends-ին տված հարցազրույցում։ «Մեր էկրանը պատրաստված է հատուկ տեսակի պլաստիկից, որը շատ դժվար է կոտրել»։   

Escobar Inc․ կայքում տեղադրված գովազդային տեսահոլովակներից մեկում ինչ-որ մեկի ձայնը դիմում է Apple-ի հանգուցյալ համահիմնադիր Սթիվ Ջոբսին․ «Խնձորային տղա Սթիվը մի անգամ այցելեց տիեզերք։ Նա տեսավ Պաբլո Էսկոբարին մի հեռախոսով, որի մասին ոչ ոք չէր էլ երազել»։

Ի հավելումն այն պնդման, թե ինքը կհաղթի Apple-ին, Ռոբերտոն վաճառքների խթանման համար օգտագործում է մի քանի կիսամերկ կանանց, որոնց տեսահոլովակում եւ կայքում զետեղված պատկերներում ներկայացնում են որպես «Էսկոբարի աղջիկներ»։

Էսկոբարը նաեւ վստահեցնում է, որ հեռախոսն ունի «անվտանգության հատուկ գործառույթներ»։ Դրանից բացի, բոլոր հեռախոսների հետ տրվող պատյանն ունի մետաղի բարակ շերտ, որն արգելափակում է ռադիոհաճախականությունների միջոցով նույնականացումը։

Escobar Fold 1-ը թողարկվում է երկու տարբերակով՝ 128 ԳԲ եւ 512 ԳԲ եւ վաճառվում է համապատասխանաբար 349 եւ 499 դոլարով։