Անկարան պատրաստվում է 2020 թվականին հինգ հորատանցք բացել Կիպրոսում, Արեւելյան Միջերկրածովի ածխածնային հանքավայրում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է թուրք-կիպրական Bayrak հեռահաղորդակցային կորպորացիան՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվությանը, որը հնչեցվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընդգծվել է, որ Թուրքիան եկող տարի  կշարունակի հորատման աշխատանքներն այս շրջանում՝ արտոնագրերի հիման վրա, որոնք տրվել են այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) կողմից, որը ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Նախարարության տեղեկատվությամբ՝ թուրքական «Ֆաթիհ» եւ «Յավուզ» հորատանավերը շարունակում են իրենց հետազոտական աշխատանքներն Արեւելյան Միջերկրածովում՝ նավթի եւ գազի որոնման նպատակով, նոյեմբերի 22-ին նրանք սկսել են հորատումն այդ հանքավայրի արդեն չորրորդ տեղամասում։

Ինչպես տեղեկացրել է հեռուստառադիոընկերությունը, մինչեւ 2023 թվական Թուրքիան նախատեսում է Արեւելյան Միջերկրածովում բացել 26 հորատանցք։

Թուրքիան, որը 1974 թվականին զավթեց Կիպրոսի հյուսիսային հատվածը եւ դեռեւս 1963-ից չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, վիճարկում է բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմաններն այդ կղզեպետության հետ եւ հայտարարում է, որ թույլ չի տա երկրաբանահետախուզական գործունեություն իրականացնել կղզու ափերի մոտ՝ առանց թուրք-կիպրական ինքնահռչակ ՀԿՊՀ-ի համաձայնության։ Թուրքական հորատանավերը աշխատանքներ են իրականացնում Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի ՌԾՈւ նավերի ուղեկցությամբ եւ գործում են ինքնահռչակ ՀԿԹՀ արտոնագրերի հիման վրա։ Նման գործողությունները մշտապես հարուցում են Նիկոսիայի բողոքը, իսկ Եվրամիությունն ի պատասխան պատժամիջոցներ է մտցրել Անկարայի դեմ։