Աշխարհում ամենաթանկարժեք ծննդյան տոնածառը, որը գնահատվում է 14 մլն դոլար, տեղադրվել է Իսպանիայում հանգստավայրային քաղաք Մարբելի «Կեմպինսկի Բայա» հյուրանոցում, հայտնում է Daily Mirror-ը:

Ավելի քան 6 մետր բարձրությամբ, Սվարովսկու 3 հազար բյուրեղներով լուսարձակող արտասովոր տոնածառը զարդարված է ջայլամի իսկական ձվերով, որոնք ծածկված են ոսկե բարակագույն շերտով եւ ալմաստի փոշով, կապույտ շափյուղայով եւ ադամանդներով մանր զարդարանքներով եւ հարդարված է շքեղ գործվածքներով: Իրականացվում է կանաչ գեղեցկուհու շուրջօրյա հսկողություն:

Կաշվի, ջրաքիսի մորթու, ինչպես նաեւ Cartier, Chanel եւ Louis Vuitton հայտնի տների թանկարժեք զարդերի օգտագործմամբ հոյակապ խաղալիքները բրիտանացի նկարիչ Դեբբի Ուինգեմը պատրաստել է մեկ ամսում:

Առաջիկա տոնի գլխավոր խորհրդանիշի ճյուղերը զարդարող թանկարժեք իրերի մեջ աչքի է զարնում 2,3 մլն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդը եւ կարմիր ձվաձեւ ադամանդը, որը գնահատվում է 4,9 մլն դոլար:

Նախկինում ամենաթանկարժեք ծննդյան տոնածառը եղել է 2010 թվականին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի Emirates Palace հյուրանոցում տեղադրված կանաչ գեղեցկուհին՝ 11,4 մլն դոլար արժեքով:

37-ամյա Ուինգեմի խոստովանությամբ՝ ինքը սկզբում ապշած էր եղեւնու չափերից, որը զարդարելու համար իրեն հրավիրել էին, եւ «թեթեւության ահռելի զգացում է ունեցել, երբ կախել է վերջին զարդը»: