Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Անցնող տարին գնահատելով՝ Լայչակը նշել է, որ հակամարտությունների կարգավարման համար երկխոսությունը ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մինսկի խմբի գործընթացի, ժնեւյան բանավեճերի եւ 5+2 ձեւաչափի շրջանակում: «Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն ուղղակի աջակցենք, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ Վրաստանում մարդիկ բախվում են հիմնական ազատությունների սահմանափակմանը, ինչպիսին է տեղաշարժման ազատությունը: Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, ապա վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացը ենթակա է նահանջելու վտանգին:

«Ինչպես իր պաշտոնից հեռացող նախագահը, ես չունեմ կախարդական բանաձեւ, թե հակամարտություններն ինչ կերպ եւ ընդմիշտ կարգավորենք»,- ընդգծել է Լայչակը:

Նա հավելել է, որ անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը, եւ այս կազմակերպությունը առաջինը կլինի, որը խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր կառաջարկի: