Արցախի խնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, թե այսօր ԼՂ բանակցությունները վտանգավոր փուլ են մտել եւ այդ ֆոնին մեղադրանք է առաջադրվում Սերժ Սարգսյանին, Մարուքյանն արձագանքեց. «Ուղիղ մեկ տարի առաջ ընտրությունների քարոզչության շրջանն էր եւ նախկին իշխանություններն այն ժամանակ էլ ասում էին՝ վայ, Ղարաբաղին վտանգ է սպառնում: Արցախի խնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է: Հիմա էլ ասում են՝ բանակցությունները մտել են մի այնպիսի փուլ, որ չգիտեմ ինչ է լինելու: Մենք սա արդեն լսում ենք 30 տարի: Այդ մեղադրանքը, որ իշխանությունները հեսա հողերը հանձնելու են, այդ մեղադրանքը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես: Սա անդադար մեղադրանք է»:

Ինչ վերաբերում է նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությանը, Մարուքյանն ասաց. «Նորությո՞ւն է Ադրբեջանի այդ պահանջները: Նորությո՞ն է Բաքվի խիստ տոնը, նորոթյո՞ւն է, որ ասում են՝ Երեւանն էլ ենք գալու  գրավենք: Իբր մինչեւ էդ զիջել էին, ճանաչել էին Արցախի անկախությունը, հիմա սկսեցին չճանաչե՞լ: Սա ուղղակի նախկիններն իրենց ունեցած մեդիա միջոցներով մանիպուլացնում են, որ ասեն՝ ժողովուրդ, հողերը հանձնում են, դրա համար էլ այս քրգործը դրա հետ կապ ունի: Սա տոտալ շահարկում է:

Ես կարծում եմ, որ վտանգ միշտ էլ կա, որովհետեւ մենք կիսապատերազմական վիճակում ենք եւ ամեն րոպե կարող են մեզ վրա հարձակվել: Հետեւաբար, պետք է տնային աշխատանքը լավ կատարել, երկիրը, տնտեսությունը կարգի բերել, բանակը հզորացնել եւ պատրաստ լինել պատերազմի»: