2020 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Հայաստանն ակնկալում է արտասահմանյան պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստանալ 33,8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ՝ 31 մլրդ դրամի փոխարեն, որ նախատեսված էր Միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է ինչպես առաջարկվող գումարների չափերի ու ծավալների շտկմամբ, այնպես էլ հաշվարկների փոփոխությամբ՝ եվրոյի եւ ամերիկյան դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով, որոնց հիման վրա են կատարվել հաշվարկները:

Մասնավորապես՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում 486,42 եւ 546,54 դրամն էր համապատասխանաբար՝ դոլարի եւ եվրոյի դիմաց, իսկ արդեն բուն նախագծում հաշվարկները կատարվել են հետեւյալ փոխարժեքեվ՝ 476,17 եւ 522,03 դրամ: