Չնայած շվեդ գրող Ասթրիդ Լինդգրենի ճանաչվածությանը, որին հսկայական տպաքանակներով հրապարակել են ամբողջ աշխարհում, նրա բնագրերը մինչ օրս չեն հետազոտվել գրականագետների կողմից, քանի որ ընդունված է եղել համարել, որ դրանք չի կարելի վերծանել։ Իր պատմությունները հորինելիս հեքիաթագիրն օգտվել է սղագրությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Բայց այժմ Ուպսալայի համալսարանում մեկնարկել է «Կոդը՝ Ասթրիդ Լինդգրեն» նախագիծը, որի նպատակն է ուսումնասիրել հանրահայտ գրքերի բնագրերն ու ստեղծել համակարգչային ծրագիր, որը կարող է թարգմանել սղագրությունները գրավոր շվեդերենի։

«Ինչ էլ որ գրել է Լինդգրենը, միշտ օգտվել է սղագրությունից եւ պահել է նոթատետրեր սղագրություններով։ Մեզ հասել է դրանցից 670-ը, եւ մենք չգիտենք, թե ինչ է դրանցում գրված։ Որովհետեւ, նախ, սղագրությունը դժվար է կարդալ. սեփական մշակումը հեշտ է, բայց ուրիշինը՝ խնդրահարույց, երկրորդ՝ դա մահացող արվեստ է»,- ասել է գրականագետ, նախագծի ղեկավար Մալին Նաուվերկը Շվեդիայի ռադիոյին տված հարցազրույցում։

«Կոդը՝ Ասթրիդ Լինդգրեն» նախագիծը պետք է միավորի գիտելիքների երեք ոլորտ՝ գրականագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ մասնագիտական սղագրություն։

«Սկսեցինք նրանից, որ փորձեցինք պարզել՝ կարո՞ղ ենք կարդալ դրանք։ Եվ պարզվեց, որ այո»,- ասել է Մալին Նաուվերկը։

Այսօրվա դրությամբ ստեղծվել է էլեկտրոնային թարգմանչի ծրագիր, որը փորձարկվել է գրողի «Առյուծասիրտ եղբայրները» վեպի վերջին անավարտ գլխի վրա։