ՆԱՏՕ-ի անվտանգության ռազմավարության թարմացումն անխուսափելի է Թուրքիայի նկատմամբ սպառնալիքների ֆոնին, հինգշաբթի ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ մեկնաբանելով նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ադյունքները, փոխանցում է Անատոլիական գործակալությունը:

«ՆԱՏՕ-ի անվտանգության ռազմավարության թարմացումն անխուսափելի է՝ հաշվի առնելով մեր երկրի համար սպառնալիքները: Լոնդոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը կրկին ցուցադրեց դաշինքի առաքելության նշանակալիությունը: Թուրքիայի նախագահը դաշնակիցներին կոչ արեց ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության հարցում հետեւել անկեղծ դիրքորոշման»,- ասել է Օքթայը՝ ելույթ ունենալով Անկարայում: Նրա խոսքով՝ չարժե մոռանալ, որ Թուրքիայի սահմանները ՆԱՏՕ-ի սահմաններն են: Թուրքիայի փոխնախագահը դաշինքի Անկարայի դաշնակիցներին ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում համերաշխության կոչ է արել:

Անկարան ավելի վաղ բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, մասնավորապես ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին (YPG) աջակցելու համար, որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ: