Միացյալ Նահանգները «վերջին մի երկու տարին» աշխատել են այն ուղղությամբ, որպեսզի իրենց դաշնակիցները ողջ աշխարհում իմանան այնպիսի ընկերությունների հետ աշխատանքի ռիսկերի մասին, ինչպիսին է Huawei-ը, Լիսաբոնում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Reuters-ը։

«Միացյալ Նահանգների առաքելությունն այն էր, որ կիսի այն, ինչ գիտի, ինչ հասկանում է»,- ասել է Պոմպեոն, երբ նրան հարցրել են Պորտուգալիայում չինական տեխնոհսկայի ներկայության մասին։ Չնշելով կոնկրետ ընկերություն՝ Պոմպեոն հղում է կատարել «անհուսալի ցանցերին»՝ նշելով, որ ԱՄՆ-ը հարգում է յուրաքանչյուր երկրի՝ սեփական որոշում ընդունելու իրավունքը։

Չինական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարում Պորտուգալիայի կարեւոր հատվածներում, իսկ կապի օպերատորները աշխատում են Huawei-ի հետ երկրում 5G ցանցի ծավալման ուղղությամբ։

ԱՄՆ-ը կոչ է անում Եվրոպային հրաժարվել Huawei-ի ծառայություններից՝ հավաստիացնելով, որ ընկերությունը զբաղվում է լրտեսությամբ հօգուտ չինական կառավարության։ Ընկերությունն ինքը նման մեղադրանքները հերքում է։