Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում՝ անկախ նրանից, թե տվյալ  պաշտոնյան ով է, պետք է պատասխանատվություն լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր տեղակալ Գեւորգ Լոռեցյանի ձերբակալությանը:

Նա նաեւ հիշատակեց, որ շատ բան ասել չի կարող, նաեւ հիշատակեց անմեղության կանխավարկածի մասին:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կոռուպցիոներների «թաթիկները կկտրեն», Արայիկ Հարությունյանն ասաց. «Այո, ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է եւ ամենաշատ քրգործերը հարուցվել են մեր ոլորտում: Ես շարունակելու եմ խոսել կոռուպցիայից եւ նախկիններին էլ շարունակելու ենք հետապնդել, ներկաներին էլ, եթե թաթախվեն դրա մեջ»:

Նախարարը հերքեց, թե երբեւէ ինքը կարող է տրվել կոռուպցիոն գայթակղությունների. «Նման բան չկա»:

Հարցին, թե ինքը վստահո՞ւմ է ԱԱԾ-ին՝ հաշվի առնելով, որ այս օրերին եղան կասկածներ հայտնող մեկնաբանություններ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես դա չեմ մեկնաբանի, քանի դեռ հակառակը փաստող նյութեր չկան, դրանք կմնան ասեկոսեներ»:

Դիտարկմանը, որ վարչապետն ասել է, որ փոխնախարարները չպետք է ունենան վարորդներ, ինչպես է Լոռեցյանն ունեցել վարորդ, նախարարն ասաց, որ դա ոչ թե փոխնախարարի վարորդն է, այլ հերթապահ վարորդն է. «Հիմա ոչ մի փոխնախարարի ոչ տնից բերում են աշխատանքի, ոչ էլ տանում են տուն»:

Նա անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե պետք է պարզել, թե ում միջոցներով է Արայիկ Հարությունյանը կրթություն ստացել Սիրիայում. «Նախ, արժի՞ արդյոք զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական ուժի  կամ քաղաքական թիմի ներկայացուցիչներին մեկնաբանել: Այդ մարդիկ իրականության զգացողությունը եւ չափերը կորցրել են»:

Նախարարը նաեւ նշեց, որ գոհ է եղել Լոռեցյանի աշխատանքից։