2019 թվականին ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, ինչպես նաև վարորդական վկայականնների տպագրման համար օգտագործվող պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են, իսկ նոր քանակի առաքումը կարող է տևել մոտ մեկ ամիս։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիkանության պաշոնական կայքից։

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 1251-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 7-րդ գլխի 30-րդ կետի համաձայն, եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որի ձևը հաստատված է ՀՀ ոստիկանության պետի 2010 թվականի հոկտեմբերի 05-ի թիվ 2080-Ա հրամանով սահմանված ձևին համապատասխան։ Իսկ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշման 3-րդ կետի, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պատրաստել վարորդական վկայական, անձին անմիջապես տրվում է ժամանակավոր վարորդական վկայական, որը ենթակա է վերադարձման:

Հայցելով վարորդների ներողամտությունը՝ միաժամանակ պարզաբանվում է, որ հաշվառման ժամանակավոր վկայագրի գործողության ժամկետում այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ հաշվառման ժամանակավոր վկայագրի թարգմանված տարբերակը: