Այնպես չէ, որ 5 տարվա ընթացքում Ամուլսարի պաշտպանները ձայն չեն հանել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 5 տարի Ամուլսարի պաշտպանները ոչ մի ձայն չեն հանել։

«Ընդամենը յութուբում կարելի է փնտրել և տեսնել, թե տարիներ շարունակ մարդիկ ինչպես են պայքարել, դատական քաշքշուկների մեջ են եղել, Գնդևազի խայտառակ հանրային քննարկումները, մարդիկ ընդդիմացել են, սար են բարձրացել, մենք փաստերով կարող ենք ներկայացրել։ Վերջին 10 տարիներին Նիկոլ Փաշինյանը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատգամավոր, իշխանության բազմաթիվ որոշումների է ընդդիմացել, բայց մենք չենք կարողանում գտնել մի նյութ, ելույթ, որ կարողանանք ասել, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնում և ընդդիմանում է Ամուլսարի ծրագրին։ Մինչդեռ նա ասում է, որ եթե ինքը լիներ որոշում կայացնողը, թույլ չէր տա Ամուլսարի շահագործումը։ Ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եթե կողմ չի, դեմ էլ չի Ամուլսարի շահագործմանը»։

Ամուլսարի պաշտպանը պնդեց՝ հեղափոխությունը հենց նրա համար էր հասունացել, որ քաղաքացին իրեն բարձրագույն արժեք զգա․

«Եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ, եթե ՀՀ քաղաքացին իրեն լավ զգար, հեղափոխությունը չէինք անի։ Այս հեղափոխությունը հենց հասունացավ նրա համար, որ ՀՀ քաղաքացին իրեն բարձրագույն արժեք զգա, որ հաստատվի ժողովրդավարություն և բիրտ ուժի մասին չխոսվի, ինչի մասին է խոսքը։ Եթե բիրտ ուժը ակնարկ էր, ապա ասենք, որ ցանկացած սցենարի պատրաստ ենք և Ամուլսարը հանք չի դառնալու»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց․ «Ամուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում:

«Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը»:

Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան