Այն, ինչ պարզվել է Հայաստանի նախկին գյուղտնտնախարար Սերգո Կարապետյանի մասով, ինձ համար նորություն չէր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Միշտ հայտնի է եղել, որ գյուղացիները սուբսիդիաները չեն ստացել, հացահատիկ չեն ստացել։ Քրեական գործեր են հարուցվել, բայց բոլորն ազատության մեջ են, ընդ որում, 2-3 մարդ 200-300 մլն-ի վնաս է հասցրել։ Թող Կարապետյանն ասի, թե ինչպես է նախարար դարձել, ումից ինչ է խնդրել, թող պատասխան տա իր արարքների համար։ Մենք այդ ու շատ այլ խնդիրներ բարձրացնում ենք ոչ առաջին տարին։ Բազմիցս բարձրացրել ենք հարցն այն մասին, որ Տիգրան Սարգսյանի օրոք գյուղացիների համար նախատեսված վառելիքը գնացել է լցակայաններ։ Մարդիկ այսօր էլ գալիս են ոչ թե աշխատելու, այլ փող ստանալու»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է մեղադրանք պետությունից առանձնապես խոշոր գումարի՝ ավելի քան 1 մլն դոլարի վատնման աջակցության մեղադրանք է ներկայացվել։ Քննության վարկածով՝ չարաշահումները թույլ են տրվել ֆերմերներին մատչելի գնով դիզվառելիքի վաճառքի կառավարական ծրագրի շրջանակում՝ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով։

Ավելի վաղ «Hetq.am»-ը գրել էր, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել։

Քրեական գործը վերաբերում է գյւողացիներին մատչելի գնով պարարտանյութի տրամադրմանը՝ սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակում։ Պետությանը հասցված վնասը գնահատվում է մոտ 1 մլրդ դրամ։