Հանրությանը ներկայացվող գյուղատնտեսության վիճակի մասին թվերը իրականությանը չեն համապատասխանում: Տվյալների հավաքմամբ զբաղվում են գյուղապետերը, որոնք այնպիսի տվյալներ են ներկայացնում, որ ղեկավարությունն իրենցից գոհ մնա: Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Վերջին 3 ամսում տավարի միսը 300 դրամով թանկացել է, եւ Ամանորին էլի կթանկանա: Ինֆլյացիան կազմում է 8 տոկոս, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության աճի անկումը՝ 7 տոկոս: Այս տարի կարտոֆիլը թանկացել է 8-10 տոկոսով»,- պարզաբանեց Բերբերյանը:

Փորձագետը շեշտեց, որ վերջին տարում խոշոր եղջերավոր անասունի քանակը կրճատվել է 150 հազար գլխով:

«Հատկանշական է նաեւ, որ եթե նախկինում մենք արտահանում էինք մինչեւ 55 հազար տոննա կարտոֆիլ, ապա այսօր ներմուծում ենք»,- ամփոփեց նա: