Նախ, ես դիտարկում եմ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումը, այնուհետեւ այդ ոլորտում հատկացվող պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների բարձրացումը: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ազգային Ժողովի նիստին 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյո՞ք ավելի խելամիտ չի լինի մեծացնել բյուջետային հատկացումները գյուղատնտեսությանն աջակցելու ուղղությամբ: Ֆինանսների նախարարը պատասխանել է, որ գյուղատնտեսության կարիքները հոգալու համար հատկացվող միջոցները, նախեւառաջ, պետք է ծառայեն իրենց նպատակին: «Մենք խոսում ենք միայն փողի մասին, սակայն, նախ, անհրաժեշտ է բարձրացնել տարբեր ծրագրերի շրջանակում անցկացվող միջոցառումների արդյունավետությունը: Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ սկզբնական փուլում նախագիծը համարվում էր կենսունակ, տրամաբանական, բավականին խթանող, սակայն դրա իրագործման ընթացքում ծագում են որոշակի խնդիրներ: Եվ երբեմն մեզ անհրաժեշտ է վերանայել այդ ծրագրերն ու գեներացնել նորերը, որպեսզի առկա ռեսուրսները կարողանան ծառայել նպատակին»,-ասել է Ջանջուղազյանը: