Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմել են 32 մլրդ դրամ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ազգային Ժողովի նիստին 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այդ թիվը 9 ամիսների բաշխելու դեպքում կստացվի շուրջ 3.5 մլրդ դրամ ամսական: «Դա գրեթե զրո է: Դրանում է կայանում տարբերությունը  ֆինանսական միջոցների արտահոսքերի եւ ներհոսքերի միջեւ, որոնք կազմում են ամսական 3.5 մլրդ դրամ՝ շուրջ 7 միլիոն դոլար:

Դա նորմա՞լ է: Իհարկե ոչ: Այդ թվերը չեն կարող բյուջեի նախագծում ներկայացված նպատակներին ծառայել, եւ նաեւ այն նպատակներին, որոնք մենք հայտարարել էինք հեղափոխությունից հետո: Արդյունքում մենք ունենք ամսական ընդամենը 7 միլիոն դոլար»,-պարզաբանել է Մելքումյանը: