Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները որոշել են թույլ չտալ ԵՄ տարածքում Facebook Libra-ի կամ որեւէ այլ սթեյբլքոինի շրջանառությունը (կրիպտոարժույթներ, որ կապված են սովորական արժույթների պաշարներին կամ ֆիզիկական ապրանքներին), հայտնում է Reuters-ը: Խորհրդակցության արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ մինչեւ հիմա անհնար է ասել, թե վճարման նոր միջոցի հայտնվելն ինչ ռիսկեր է պարունակում:

Նախարարները հայտարարել են նաեւ հատուկ օրենքներ մշակելու անհրաժեշտության մասին, որոնք կկարգավորեն ԵՄ տարածքում կրիպտոարժույթների շրջանառությունը: ԵՄ ֆինանսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբովսկիսի խոսքով՝ համապատասխան աշխատանքն արդեն սկսվել է:

Դրանից բացի, Բրյուսելը զբաղված է սեփական թվային արժույթի ստեղծմամբ, որը պետք է օրինական այլընտրանք դառնա մասնավոր ընկերությունների ստեղծածներին: Այն անհրաժեշտ կլինի, եթե Եվրոպայում վճարումները դառնան չափից ավելի թանկ արժեցող, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Facebook Libra-ն, որի ստեղծմանը Facebook-ից բացի, մասնակցել են 20 տարբեր ընկերություններ, պետք է թողարկվի հաջորդ տարվա հունիսին: Կրիպտոարժույթի հեռանկարները վատթարացել էին, երբ հոկտեմբերին նախագծից դուրս էին եկել Mastercard-ը եւ Visa-ն, սակայն մնացյալ մասնակիցները հայտարարել էին նախագիծը շարունակելու հաստատակամության մասին: