Սաուդյան նավթային Aramco կոնցեռնը բաժնետոմսերի առաջնային տեղակայման (IPO) արդյունքում հավաքել է ռեկորդային 25,6 մլրդ դոլար։ Նրա բաժնետոմսերը Էր Ռիադի բորսայում դեկտեմբերի 5-ին սակարկվել են մեկ միավորը 32 ռիալով՝ դա նշանակված գնային միջանցքի վերին շեմն է, տեղեկացնում է DW-ն։

Արդյունքում՝ Aramco-ն դարձել է աշխարհում ամենաթանկ հանրային ընկերությունը՝ 1,7 տրլն դոլար արժեքով։ IPO ընթացքում Aramco-ն գերազանցել է միջոցների ներգրավման ցուցանիշը, որը չինական Ali Baba-ինն էր Ուոլ Սթրիթում 2014 թվականին։ Այն ժամանակ չինական կոնցեռնին հաջողվեց ներգրավել 25 մլրդ դոլար։

Aramco-ի բաժնետոմսերի տեղակայումը բորսայում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի ծրագրի գլխավոր կետն է Vision 2030 անվանմամբ տնտեսության վերակառուցման պլանում։ Պլանի նպատակն է՝ Սաուդյան Արաբիան դարձնել քիչ կախված նավթից։ Սկզբում նախատեսվում էր, որ Aramco-ն բորսա դուրս կգա 2017 թվականին։