Սպիտակ տունը սենատոր Քեւին Քրամերին խնդրել է Սենատում արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Սենատորը CNN-ի հետ հարցազրույցում հայտնել է, թե Սպիտակ տունը ցանկանում է, որ բանաձեւն արգելափակվի, որովհետեւ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նոր է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ: Քրամերի առարկությունը թույլ չի տվել, որ բանաձեւը մտցվի Սենատի օրակարգ:

Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին:

Բանաձեւն ուղղված է թուրքական կառավարությանը վճռական ուղերձ հղելուն ամերիկացի օրենսդիրների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Քրամերն ասել է, որ համաձայնվել է Սպիտակ տան փաստարկների հետ, բայց մտադիր չէ հաջորդ անգամ բանաձեւի վրա կրկին վետո կիրառել՝ կանխատեսելով, որ բանաձեւը վերջնարդյունքում անցնելու է:

Բանաձեւը ներկայացրել էին Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը եւ Տեխաս նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը:

Քրուզը լրագրողներին ասել է, որ «սխալ էր դա ճանաչելուց հրաժարվելը»: Նա եւ Մենենդեսը բազմիցս փորձել են բանաձեւն առաջ մղել, բայց «բախվել են մի շարք առարկությունների», որոնք «առաջ են քաշվում վարչակազմի անունից», հայտարարել է նա: Սպիտակ տունն անչափ անկեղծ է օրինագծի արգելափակման հարցում, որովհետեւ Թուրքիայի հետ բանակցում է մի շարք հարցերի շուրջ եւ «չի ցանկանում թուրքերին գրգռել», ասել է նա: «Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք ճշմարտությունը եւ անտեսենք իրականությունը,- ասել է Քրուզը: - ՆԱՏՕ-ի 12 այլ դաշնակիցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում են Թուրքիայի հետ աշխատել»: Նա հույս է հայտնել, որ վերջնարդյունքում իրենց կհաջողվի հասնել այս սարսափելի չարագործության ճանաչմանը:

Քրամերը կանխատեսել է, որ «եթե սենատոր Մենենդեսը բանաձեւն ամեն շաբաթ ներկայացնի, ապա այն վաղ թե ուշ կընդունեն»: «Ես չգիտեմ, թե երբ կլինի ճիշտ ժամանակը,- շարունակել է Քրամերը: - Հնարավոր է՝ ոչ մի անգամ չի լինում իդեալական ժամանակ: Բայց ինչ-որ պահի այն հասնում է, ես դրան հավատում եմ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես Սպիտակ տան խնդրանքով արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Սպիտակ տան օրենսդրական հարցերով աշխատակիցը Գրեհեմին ասել էր, որ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, եւ Գրեհեմին հարցրել էր՝ «կարո՞ղ է արդյոք այն արգելափակել»:

Սենատորի խոսքով՝ միակ պատճառը, որ խնդրանքը կատարել է, այն էր, որ Էրդողանը դեռեւս քաղաքում էր: Հարցին՝ իրեն արդյոք անհարմարավետ չի՞ զգացել, երբ բանաձեւն արգելափակում էր, Գրեհեմը պատասխանել է. « Այո՛: Որովհետեւ ինձ դուր է գալիս Բոբ Մենենդեսը»: «Ես հաջորդ անգամ չեմ առարկի»,- ասել է Գրեհեմը: