Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 04:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» եւ «Mercedes S-Class» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետեւանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մայթեզրին, իսկ գազի բալոնը դուրս է շպրտվել (մոտ 15 մ). առկա է արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կաչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետեւ՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: