Բրիտանիայի բնակչուհին «միջնադարյան մահացու մենամարտ» է կազմակերպել ամուսնու եւ սիրեկանի միջեւ, որով պետք է որոշվեր, թե նա ում հետ է ապրելու:

35-ամյա Աստա Յուսկաուսկիենեն ամուսնուն լքել է եւ համացանցում ծանոթացել 25-ամյա Մանտաս Կվեդարասի հետ, որն ազատազրկված էր Լիտվայում, հայտնում է The Telegraph-ը: Բանտից ազատվելուց հետո Կվեդարասը ուղեւորվել է Լոնդոն եւ Յուսկաուսկիենեի հետ սիրավեպ սկսել:

Նրա ամուսինը՝ 42-ամյա Գիեդրիուս Յուսկաուսկասը, չի ցանկացել ամուսնալուծվել: Քանի որ երկու տղամարդն էլ հավակնում էին կնոջ սրտին, նա պայման է դրել, որ նրանք այդ հարցը կարգավորեն Արեւելյան Լոնդոնի Սթրադֆորդի նրբանցքում միջնադարյան մենամարտի միջոցով:

Հունիսի 17-ին նրա ամուսինը դանակահարվել էր: Նրան հասցվել էր դանակի 35 հարված վզին, կրծքին եւ ուսին:

Ամուսնու սպանությունից հետո Յուսկաուսկիենեն «թաքցրել» է Կվեդարասին, ջնջել իրենց նամակագրությունը եւ ոստիկաններին խաբել:

Մեղադրանքի կողմը Յուսկաուսկիենեին անվանել է «մանիպուլացնող եւ վերահսկող անձ, որը կենտրոնական դեր է խաղացել այս իրադարձությունների կազմակերպման մեջ»:

Սիրեկանը խոստովանել է սպանությունը: Յուսկաուսկիենեն հերքել է այն մեղադրանքները, որ երկու տղամարդկանց մանիպուլյացիայի է ենթարկել եւ խոչընդոտել է քննությանը: