Volkswagen ընկերությունը հրապարակել է իր նոր կոմպակտ քրոսովերի առաջին թիզերային տեսահոլովակը։ Ավտոմեքենան կստանա Nivus անվանումը եւ կհայտնվի գերմանական ապրանքանիշի SUV շարքի ամենասկզբում։ Պաշտոնական շնորհանդեսը կկայանա հաջորդ տարվա գարնանը, հայտնում է Autonews-ը։

Նախկինում ենթադրվում էր, որ մեքենան կստեղծվի բացառապես Բրազիլիայի համար, սակայն այժմ հայտնի է դարձել, որ նորույթը նաեւ այլ երկրներում կվաճառվի։

SUV-ի հիմքում MQB-А0 մոդուլային պլատֆորմն է, որի վրա բազավորվում է նոր սերնդի Polo հեչբեքը։ Ավտոմեքենայի երկարությունը չի գերազանցում չորս մետրը՝ 2560 մմ անվային բազայի դեպքում։

Ինչպես ակնկալվում է, շարժիչների շարքի մեջ կմտնի 115 ձիաուժ հզորությամբ 1 լիտր աշխատանքային ծավալով բենզինային տուրբոշարժիչը, ինչպես նաեւ 1,6 լիտրանոց մթնոլորտային ագրեգատը, որը 120 ձիաուժ ունի։ Շարժիչները կկարողանան աշխատել հինգ աստիճանի «մեխանիկայի» կամ վեց դիապազոնանոց «ավտոմատի» հետ համատեղ։