Մեր գիտաժողովը յուրահատուկ է, քանի որ այստեղ ներկայացվելու են եզակի հետազոտություններ եւ փաստաթղթեր տարածաշրջանի տարբեր ժողովուրդների պատմության, մշակույթի եւ լեզվի առանձնահատկությունների մասին, որոնք Ադրբեջանում այդ հնարավորությունից զրկված են: Դեկտեմբերի 6-ին «Գիտական իրողությունների եւ կեղծումների լույսի ներքո Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» միջազգային գիտաժողովում այս մասին ասաց ՀԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ այսօր գիտական գործընթաց է մեկնարկում: «Մենք բնակվում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան ուժեր եւ պետություններ, որոնք իրենց քաղաքականության հիմքում դնում են պատմության կեղծումը: Եվ նրանք խեղաթյուրում են ոչ միայն իրենց պատմությունը, այլեւ մյուս ժողովուրդների պատմությունը: Այս գիտաժողովն ամենաբարձր մակարդակով կպարզի պատմության հանդեպ նման մոտեցման բոլոր թույլ տեղերը»,- ասաց Սաֆրաստյանը:

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն, իր հերթին, ողջունեց գիտաժողովի անցկացումը՝ նշելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակութային թեմայի քննարկման համար հարթակի ձեւավորման կարեւորությունը: Նրա խոսքով՝ գիտաժողովի շրջանակում աշխատանք կկատարվի օբյեկտիվ իրականության, ինչպես նաեւ որոշ երկրների եւ այսպես կոչված՝ գիտական շրջանակների կողմից կեղծումների բացահայտման ուղղությամբ: «Այս իմաստով հատուկ առանձնանում է ԵՊՀ եւ ԳԱԱ դերը թալիշների խնդրի ուսումնասիրման հարցում: Սա մեր պատասխանն է Ադրբեջանին, որը վարում է անհեռանկար կեղծ քաղաքականություն»,- պարզաբանեց նա: Մելքոնյանը նշեց, որ գիտությունը ճակատ է, եւ Արեւելագիտության ինստիտուտը իր դիրքերը հստակ պահում է: