Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաջող փորձարկել է նոր հրթիռաշարժչային  համակարգ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությանը։

«Իսրայելի պաշտպանության նախարարությունն իրականացրել է հրթիռաշարժչային համակարգի թեստային արձակում երկրի կենտրոնում գտնվող կայանից։ Փորձարկումները նախատեսված էին ավելի վաղ եւ կատարվել են պլանին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։ Մամուլի ծառայությունում մանրամասներ չեն ներկայացրել փորձարկված համակարգի մասին։

The Times of Israel թերթը հավաստիացնում է, որ նոր շարժչային համակարգի թեստային արձակումներն իրականացվում են մի քանի նոր հրթիռների մշակման շրջանակում, ներառյալ հարձակողական բալիստիկ, հրթիռորսիչ եւ արբանյակներ արձակող հրթիռները։

Փորձարկումների իրականացման համար ուրբաթ փոխվել են ինքնաթիռների երթուղիները, որոնք պետք է թռիչք կամ վայրէջք կատարեին Դավիթ Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանում, նշում է պարբերականը։