Եվրոպան բախվում է լուրջ սպառնալիքի իր քաղցրահամ կենսաբազմազանության հարցում եւ պետք է ավելի շատ բան անի իր գետերի ու լճերի պաշտպանության համար։ Այս մասին ասվում է նամակում, որը ստորագրել է ավելի քան 550 գիտնական, տեղեկացնում է Reuters-ը։

Նամակը հաջորդում է ԵՄ շրջակա միջավայրրի գործակալության՝ EEA-ի զեկույցին, որտեղ ասվում է, որ քաղցրահամ ջրամբարների գրեթե երկու երրորդը ողջ մայրցամաքում վնասակար է առողջության համար։

Գիտնականները կոչ են անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը քաղցրահամ ջրի ապահովման ուղղությամբ։

Կենսաբազմազանության եւ էկոհամակարգային ծառայությունների փորձագետների միջազգային խմբի տվյալներով՝ ավելի քան 1 մլն տեսակ ամբողջ աշխարհում անհետացման սպառնալիքի տակ է այն պատճառով, որ մարդիկ ձգտում են տնտեսական աճի։ Քաղցրահամ ջրերը հատկապես են ենթարկված վտանգի։

Ջուրը կարող է դառնալ ավելի դեֆիցիտ ռեսուրս, քանի որ կլիմայի փոփոխությունը խորացնում է ճնշումը կես միլիարդ եվրոպացիների ջրի աղբյուրների վրա, որոնք կախված են դրանցից։

Ջրային ուղիների պաշտպանության ԵՄ քաղաքականությունը, Ջրի շրջանակային դիրեկտիվը ընդունվել է 2000 թվականին։ Ամենասկզբից դրա իրականացման մակարդակը թույլ էր։

Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պարտավորվել է պայքարել կենսաբազմազանության կորստի դեմ՝ իր եվրոպական «Կանաչ համաձայնագրի» շրջանակում, դա հավակնոտ ծրագիր է, որը մինչեւ 2050 թվականը Եվրոպան առաջին մայրցամաքը կդարձնի  կլիմայական չեզոքության առումով։