Որն է պատճառը, որ քաղաքապետարանը կազմակերպությանը, որին ամիսներ առաջ ուղարկել էր սեւ ցուցակ ընթացակարգային խախտումների համար, այդ նույն կազմակերպությունը ներգրավվել է որպես մեկ անձից գնման տեսքով ծառայություն մատուցող: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու նիստում հարց բարձրացրեց «Լույս» խմբակցությանղ եկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով մանորի միջոցառումների կազմակերպմանը:

«Որն է տրամաբանությունը, որ կազմակերպությանը ուղարկում ենք  սեւ ցուցակ, հետո նույն կազմակերպությունից մեկ անձից գնում ընթացակարգով գնում ենք իրականացնում»,-ասաց նա:

Ի պատասխան Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց. «Եթե խոսքը «Ֆակտորի փրոդաքշն»-ի մասին է, ապա պետք է ասեմ, որ կազմակերպությունը սեւ ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո վերջինից պահանջվող փաստաթղթերի  հիմնավորումներից մեկի ուշ ներկայացնելու պատճառով: Ընդ որում, այս հանգամանքը օրենքի ուժով քննվել է բողոք քննող անձանց կողմից  եւ որակվել է որպես ոչ էական խախտում: Ընկերությունը չի հայտնվել սեւ ցուցակում: Ինչ վերաբերում է կազմակերպության ընտրությանը, ապա ընկերությունների ընտրությունը կատարել է մասնագիտական թիմի կողմից ուպես մշակույթի ոլորտում որոշակի փորձ, նվաճումներ ունեցած կազմակերպություն:

Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ նիստում որոշում կայացվեց Ամանորի միջոցառումների կազմակերպման համար փոփոխություն կատարել համապատասխան որոշման մեջ եւ ծախսերն ավելացնել 271,79 մլն դրամով: