Հայաստանն այսօրվա դրությամբ միջազգային մակարդակով գնաճի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներից մեկն է։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Պարենի համաշխարհային կազմակերպությունը գրանցել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքների գները թանկացել են 6 տոկոսով։ «Հայաստանում սննդամթերքները թանկացել են ընդամենը 0,1 տոկոսով։ Ի՞նչ կապ ունի կառավարությունն այս ամենի հետ։ Ամենաուղղակի։ Շնորհիվ մոնոպոլիաների դեմ պայքարի մեզ հաջողվում է գնաճը պահել ահա այսպիսի աննախադեպ ցածր եւ կայուն մակարդակի վրա։ Ընդ որում՝ Հայաստանը, եթե միակը չէ, ապա առնվազն այն քիչ երկրներից է, որտեղ սեպտեմբերին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է դեֆլյացիա։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ք արդյոք  աշխարհում գտնել նման երկրորդ երկիր»,- ասել է վարչապետը։