Չինաստանը պատասխան միջոցներ է ընդունել երկրում ամերիկյան դիվանագետների դեմ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հուա Չունին տեղեկացրել է, որ Չինաստանը իրազեկել է ԱՄՆ դեսպանությանը նոր միջոցների մասին, որոնք, նրա խոսքով, Վաշինգտոնի՝ հոկտեմբերին չինացի դիվանագետների հանդեպ սահմանափակման որոշման «հակամիջոցներն» են, տեղեկացնում է AFP-ն։

«Մենք նորից կոչ ենք անում ամերիկյան կողմին շտկել իրենց սխալները եւ հանել համապատասխան կանոնները»,- ասել է նա լրագրողներին։

Հոկտեմբերին ԱՄՆ-ը կարգադրել էր չինացի դիվանագետներին նախապես տեղեկացնել պետդեպարտամենտին  ամերիկացի դիվանագետների, տեղական կամ մունիցիպալ պաշտոնյաների հետ ցանկացած պաշտոնական հանդիպման մասին եւ ցանկացած քոլեջ կամ հետազոտական հաստատություն այցելելուց առաջ։

Ներկայացուցիչը նշել է, որ ամերիկացի դիվանագետները պետք է տեղյակ պահեն Չինաստանի արտգործնախարարությանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նման հանդիպումների եւ այցելությունների մասին։