Հայկական բանակում զինծառայողների ինքնասպանություններ առհասարակ չպետք է լինեն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ինքնասպանությունը հանցագործությունների շղթա է, որը մարդուն հասցնում է նման քայլի։

Ներկայացված օրինագիծն ուղղված է Զինված ուժերում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերություններ թույլ չտալուն։ Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը կպատժվի իրական ազատազրկմամբ։ Եթե զինծառայողն իր զորամասի տարածքում կամ մեկ այլ տեղում ծառայություն կատարելիս ոչ միտումնավոր կամ գիտակցաբար մյուս զինծառայողին կսպառնա, բռնություն, դաժան վերաբերմունք կցուցաբերի կամ կնվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը կարող է դառնալ անուղղակի կամ ուղղակի պատճառ տուժած զինծառայողի ինքնասպանության համար, կպատժվի օրենքով, 3-8 տարի ազատազրկմամբ։ Եթե այս արարքները կատարվեն անձանց խմբի, սպայի, հրամանատարի, մի ենթակայի կողմից մյուս ենթակայի հանդեպ, կանոնավորապես նույն անձի դեմ, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 5-10 տարի։ Իսկ եթե այս հանցագործությունները կատարվեն ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կավելանա՝ 7-12 տարի։