ԱՄՆ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հրապարակայնորեն ընդունել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւով արգելված չեն: Այս մասին «Թվիթերում» նշել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Tasnim-ը:

«Բրայան Հուկը ժամանակին է հիշեցում կատարել միջուկային համաձայնագրով մեր եվրոպացի գործընկերներին՝ հրապարակայնորեն ընդունելով, որ հրթիռային փորձարկումները արգելված չեն Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւով»,- նշել է նա: «Իրանական միջուկային գործարքի թերություններից մեկն այն է, որ այն վերջ է տվել իրանական բալիստիկ հրթիռների փորձարկումների արգելքին»,- Հուկի խոսքն է մեջբերել Զարիֆը:

Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան նամակ էին ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ պնդելով, որ «Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը» հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին:

Նշված բանաձեւում Իրանին կոչ է պարունակվում «ոչ մի գործողություն չձեռնարկել բալիստիկ հրթիռների հետ կապված, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել»: