«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը երկուշաբթի հրավիրվել է ՀՔԾ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը։

Նա հայտարարեց, որ իրեն պաշտոնապես ոչ ոք տեղյակ չի պահել. «Ես տեղյակ չեմ։ Համոզված եմ, որ այդ մեղադրանքը կեղծ է»։

Հարցին՝ արդյոք իր մոտ հարց չառաջացա՞վ՝ ինչու են իրեն կանչում ՀՔԾ, Բեգլարյանն ասաց, թե իր համար դա դարձել է սովորական երեւույթ. «Ոչ, ինձ համար սովորական, ամեն օրվա ճաշ է, մի օր ստեղ են կանչում, մի օր ընդեղ»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։