«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը չգիտի, թե երեկ ով է պատասխանել իր հեռախոսին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով երեկ լրատվամիջոցներից մեկում տարածված՝ «Բարսեղ Բեգլարյանը մահացել է» վերնագրով լուրին։

Հարցին՝ ո՞վ է պատասխանում իր հեռախոսազանգերին, Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ իր օգնականը, վարորդը. «Շատերս ենք պատասխանում։ Թե ո՞վ է պատասխանել, ես տեղյակ չեմ»։

Դիտարկմանը՝ գուցե սա նմանակում էր գործարար Սամվել Ալեքսանյանի ոճի՞ն՝ հաշվի առնելով, որ նման միջադեպ եղել էր նաեւ նրա հետ, երբ գործարարը լրատվամիջոցի հետ հեռախոսով խոսելիս  ներկայացել էր որպես իր օգնական, Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ ամեն մեկն ունի իր ոճը.

«Սամվել Ալեքսանյանի ոճը ո՞րն է։ Ամեն մարդ իր ոճն ունի, ես որեւիցե մեկին չեմ ուզում նմանվեմ։ Ես մահացե՞լ եմ, ձեզ հետ խոսում եմ։ Հեռախոսս աշխատանքի վայրում եմ թողնում, վարորդի մոտ եմ թողնում»։